2021 թվ․ մայիսի 5֊ին պաշտոնապես թողարկվեց հայտնի CSS ֆրեյմվորք Bootstrap-ի 5֊րդ ստաբիլ տարբերակը, որում վերջնականապես հրաժարվեցին JavaScript-ի լեգենդար jQuery գրադարանի օգտագործումից՝ հօգուտ «վանիլային» JavaScript-ի։
Bootstrap CSS ֆրեյմվորքն իրենց ամենօրյա աշխատանքում երևի թե գոնե մեկ անգամ օգտագործել են, կամ այժմ էլ շարունակում են օգտագործել վեբ ծրագրավորողների մեծամասնությունը։ Երեք ալֆա, երեք բետտա տարբերակների թողարկումից, մի քանի ամիս ինտենսիվ մշակումներից ու խմբագրումներից հետո թողարկվեց նաև Bootstrap 5-ի ստաբիլ տարբերակը։
Այն, որ Bootstrap-ի ստեղծողները որոշեցին հրաժարվել jQuery գրադարանից՝ հօգուտ «վանիլային» JavaScript-ի, անակնկալ չէր։ Չնայած նրան, որ jQuery գրադարանն իր ժամանակին կարևոր դեր խաղաց վեբ ծրագրավորման ֆրոնտենդ սեգմենտի զարգացման համար, ինչպես նաև նպաստեց JavaScript ծրագրավորման լեզվի հեղինակության և հանրաճանաչության սրընթաց աճին՝ այժմ նրա օգտագործումն այևս նպատակահարմար չէ, թեև ոչ մեծ կայքերին բազային ֆունկցիոնալություն ապահովելու համար այն դեռևս օգտագործվում է։
Մի շարք կարևոր ու օգտակար ֆունկցիաներ, որոնց շնորհիվ նաև jQuery-ին հայտնի դարձավ, ընդգրկվեցին DOM API-ի և ECMAScript-ի տարբեր ստանդարտներում՝ շատ դեպքերում այլևս անիմաստ դարձնելով գրադարանի օգտագործումը։ Օրինակ getElementById, getElementsByTagName, getElementsByClassName, getElementsByName մեթոդների փոխարեն այժմ DOM-ի հետ աշխատելիս կարելի է օգտագործել ավելի պարզ և ճկուն querySelector և querySelectorAll մեթոդները։
Bootstrap-ի 5֊րդ ստաբիլ տարբերակում նաև որոշել են հրաժարվել Internet explorer 10/11 տարբերակների սպասարկումից, չնայած նրան, որ այդ դիտարկիչները դեռևս օգտագործվում են (2022 թվականի տվյալներով՝ համացանցից օգտվողների 0.29%-ը)։
Բոլոր նորամուծություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ Bootstrap 5 Release Notes: